Կարևոր է, թե որքան ժամանակով են կանչել. նախկին դեսպանը՝ Կոպիրկինին Մոսկվա կանչելու մասին

Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը
Վարդան Տողանյանը գտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության մեջ առանձին տեղ են զբաղեցնում առևտրատնտեսական հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չի հիշում դեպք, երբ դեսպանին խորհրդակցությունների համար Մոսկվա կկանչեին։
Տողանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելը` նշելով, որ միջազգային պրակտիկայում այդպիսի բան հաճախ է լինում։
Մայիսի 24–ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա: Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»։
«Նման բան շատ հաճախ է լինում միջպետական հարաբերություններում, երբ դեսպանին կանչում են քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու։ Մեր հարաբերություններում՝ չեմ հիշում»,-ասաց Տողանյանը։
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե ինչ ժամկետով, ինչ նպատակներով է կանչվել, իսկ դա հավանաբար կպարզվի այս շաբաթվա ընթացքում։ Նշեց, որ եթե դա երկար տևի, ինչ-որ առումով կարող է նշանակել ներկայացուցչության մակարդակի նվազում, ամեն ինչ կախված է ժամկետներից և կոնկրետ մանրամասներից: Նա հորդորեց սպասել ՌԴ ԱԳՆ լրացուցիչ պարզաբանումներին։
Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա Տողանյանը նշեց, որ այսօր ակտիվորեն զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները։
«Այդ հարաբերությունները զարգացման շատ լուրջ ներուժ ունեն։ Միջպետական հարաբերություններում կարևոր դեր է խաղում տնտեսական բաղադրիչը»,-նշեց նախկին դեսպանը։
Տողանյանը նաև ընդգծեց, որ բանկային ոլորտներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ, հայկական ապրանքները մեծ հաջողություն են վայելում ՌԴ–ում: Սրանք ամենաանհրաժեշտ դիվիդենտներն են հայկական ձեռնարկությունների և գործարարների համար։ Եվ այս ամենը՝ չնայած միջպետական լարվածությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը։