ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։ Տեղեկությունը հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրիմակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։
Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Կա 2 զոհ, 2 վիրավոր։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։