ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Առավոտյան ժամը 08։00-ից ՀՀ–ի ողջ տարածքում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
«ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ ողջ տարածքով։ Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ»,– հայտարարեց նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խնդրել է կաթողիկոսին սառեցնել իր հոգևոր ծառայությունը, որվհետև առաջադրվել է որպես ժամանակավոր կառավարությա վարչապետի թեկնածու։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։