ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես մտադիր է եղել իր ուղերձի մեծ մասը «նվիրել» Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած շարժմանը, սակայն վերջին պահին փոշմանել է ու հանել այդ հատվածը ուղերձից: Այս մասին գրում է «Ժողովուրդը»` վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նաև լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է եղել ասել, որ սահմանազատման խոչընդոտելը պետականության դեմ ոտնձգություն է, և կիրակի օրվա մեծ հանրահավաքը անգամ արտակարգ դրություն մտցնելու գնով պետք է ցրել:
«Նույն կառավարական աղբյուրները փոխանցում են, որ նա խորհրդակցել է նաև ուժային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի նրանք իր եթերից չիմանան, որ ցանկանում է արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով գնալ, սակայն ուժայիններից հորդորել են հետ կանգնել արտակարգ դրություն մտցնելու գաղափարից, քանի որ շատ բարդ է լինելու ու չեն կարողանալու այդ ծանր բեռի տակից դուրս գալ»,–գրում է ԶԼՄ–ն` եզրակացնելով, որ հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, հակառակ սպասումների, անբովանդակ ստացվեց, քանի որ նախապես այլ տեքստ էր պատրաստել, բայց լրիվ այլ բան կարդաց:
Այնուամենայնիվ ՀՀ վարչապետը արտաքին աշխարհին մի հստակ ուղերձ տվեց, այն է՝ կիրակի օրը սպասվող հանրահավաքին որքան էլ շատ մարդ հավաքվի, միևնույնն է՝ իր իշխանությունն ամեն գնով ավարտին է հասցնելու սահմանազատման սկսած գործընթացը: