ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Այսօր տեղի է ունեցել «Կենաց ծառ» խորհրդանշական անվամբ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների: Տեղեկությունը հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։
Ուխտագնացության մասակիցները Տաթևի վանական համալիրում
© Photo
Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվել՝ հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի։
«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվում հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի
© Photo
Խորհրդանշականորեն նաև «Կենաց ծառ» է տնկվել և պտղատու նոր այգի բացվել, Տաթևում և Հալիձորում ազգագրական-մշակութային միջոցառումներ են անցկացվել: Համայնքի բնակիչները ավանդական հարիսա են պատրաստել։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:
Նշենք, որ ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Այսօր Արցախի նախկին պետնախարարը 56 տարեկան է դառնում։
Հիշեցնենք, որ 2008 թվականին նրա նախաձեռնությամբ է մեկնարկել «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին, վերականգնվել են վանական համալիրի կառույցները և այլն։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։