ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ու Բորելը քննարկել են հարցերի լայն շրջանակ, խոսել են նաև տարածաշրջանային հարցերի մասին։
ՀՀ ԱԳ նախարարը եվրոպական դիվանագիտության ղեկավարին ասել է, որ Ադրբեջանի հետ վերջնական համաձայնության հնարավոր կլինի հասնել ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, սահմանազատման գործընթացը։
Խոսելով սահմանազատման հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածությունների մասին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է արվել մի շարք այլ հարցերի ևս, ներառյալ` ՀՀ և Եվրոպական միության միջև խորացող գործընկերությունը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը: