Լուրեր կան, որ իշխանություններն ապօրինի ջոկատներ են կազմում․ ՆԳՆ–ի պատասխանը

ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող տեղեկություններին՝ նշելով, որ ՀՀ-ում պետական կառույցներից բացի զինված, ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանի իշխանությունը ռեպրեսիաներ է գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա անդրադարձավ արցախցի քաղաքապետների ձերբակալությունների ու խուզարկությունների դեպքերին՝ նշելով, որ դրանց հիմքում իշխանությունների վախն է։
Սրբազանի խոսքով՝ հալածվում են նաև շարժման աջակից գործարարները, ինչպես, օրինակ, «Շահնազարյան» գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Հայկ Շահնազարյանը, որի գործարանում ևս հարկային ստուգումներ են իրականացվել, վերջինս էլ ձերբակալվել է։
Սրբազանն իրավապահների ուշադրությունը հրավիրեց իրենց հասած տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ իշխանություններն, այսպես ասած, ջոկատներ են ձևավորում։
«Ըստ լուրերի՝ 15-17 հոգանոց խմբեր են կազմում, նաև հայտնի օլիգարխի գլխավորությամբ, որ սպառնում էր ունեզրկելու, սպանելու, եթե չկա նման բան, թող հերքեն այդ լուրերը։ Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա իրավապահներին կոչ արեց հետամուտ լինել այս ամենին։ Զգուշացրեց՝ բոլոր նրանք, ովքեր մասնակից ու պատասխանատու կլինեն այդ խմբերին, պատասխան են տալու։
«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լա՛վ հիշիր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Ես քեզ ասել եմ՝ խոփդ ուրիշ քարի է կպել»,- ասաց սրբազանը։
Նշենք, որ Բագրատ սրբազանի հայտարարությանը ու նաև «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքի տարածած նույնաբովանդակ տեղեկատվությանն ի պատասխան ՆԳՆ-ից Sputnik Արմենիային ասել են, որ ոստիկանությունը «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացել:
«Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից բացի զինված, ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- ասացին ՆԳՆ–ից` հավելելով, որ եթե քաղաքացիներնունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն:
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Վերջին մի քանի օրերին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և ամեն երեկո օրն ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Վաղը` մայիսի 26–ին, շարժումը նախատեսում է մեծ հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում։