«Կեղծ են ու հորինված»․ ՊՆ-ն հերքում է սոցցանցերում տարածված տեղեկությունները

Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե զինվորականները հրաժարվում են հետ քաշվել Տավուշի հայկական դիրքերից, անգամ հրաժարականներ են ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակում՝ նշելով, որ այն ամբողջովին կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
«Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե մի շարք զինվորականներ և բարձրաստիճան սպաներ հրաժարվել են հետ քաշվել Տավուշի հայկական դիրքերից և ականազերծում կատարել՝ չենթակվելով սահմանազատման ու սահմանագծման քողի տակ տրված ապազգային հրամանին։ Ավելին՝ նրանք հրաժարական են ներկայացրել։
ՊՆ–ն հերքում է. Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելել մասնակցել ցույցերին
Ալիքը նաև հայտնում էր, թե 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանի մի շարք ենթակա սպաներ պահանջել են ներկայացնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի կողմից ստորագրված հրամանը, սակայն կորպուսի հրամանատարը մերժել է։