ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հունիսի 1-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք Armenia Airways ավիաընկերության պաշտոնական կայքից։
Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։
Թռիչքի տևողությունը մոտ 7 ժամ է, երկկողմանի ավիատոմսերի միջին արժեքը՝ 350 հազար դրամ։
Հիշեցնենք՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան 2023–ի մայիսի 8-ին հայ-հնդկական համաժողովում հայտարարել էր, որ աշխատում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու ուղղությամբ։ Դիվանագետը նշել էր, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի հաստատումը կողմերի խնդիրներից մեկն է համագործակցության զարգացման համար, և երկու երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:
Հավելենք, որ 2009 թվականին Երևան-Նյու Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր էր իրականացնում «Արմավիա» ավիաընկերությունը, որը հետագայում սնանկացավ։