ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2023 թվականի փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը 104 մլրդ դոլարի վնաս է հասցվել։
«Երկրաշարժը, որի հետևանքով տուժել է 11 նահանգ և 14 միլիոն մարդ, մեր տնտեսությանը պատճառել է 104 միլիարդ դոլարի վնաս: Ավերվել են ոչ միայն տներ, այլև արտադրական հզորություններ», - հայտնել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով արտաքին տնտեսական կապերի խորհրդի 37-րդ Գլխավոր ասամբլեայում:
Նրա խոսքով՝ լուրջ վնաս է հասցվել Թուրքիայի հարավարևելյան քաղաքների ենթակառուցվածքներին։
Երկրաշարժի գոտում շահագործումից դուրս են եկել 850 հազար օբյեկտն, 170 հազար աշխատատեղ ըստ էության ոչնչացվել է։
«Ոչ մի տնտեսություն, որքան էլ զարգացած լինի, ներառյալ Եվրոպան և Ամերիկան, չի կարող հեշտությամբ հաղթահարել նման աղետը»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 7,7 ու 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունեցել 2023 թ. փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով, Թուրքիայի հարավ-արևելյան Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ավելի քան 55 հազար մարդ է զոհվել։