ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում քաղաքացիական հասարակությանը պետական ծրագրերի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության հնարավորություն տալը բարեփոխում է, բայց նաև ռիսկեր է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` մեկնաբանելով կառավարության որոշումը, ըստ որի` ՀԿ–ներին ու լրագրողներին հնարավորություն է տրվում պարզեցված ընթացակարգով գրանցվելու ու վերահսկելու պետգումների ընթացակարգով իրականացվող պետական ծրագրերը, օրինակ`շինարարական աշխատանքները` ասֆալտից մինչև դպրոցաշինություն։
Նշենք, որ այս հնարավորությունը նոր չէ, ավելի քան 2 տարի է` նախատեսված է «Գնումների մասին» օրենքով։ Բայց քաղաքացիական հասարակությունը չի շտապում մասնակցել վերահսկողությանը։ Կառավարությունում կարծում են` պատճառը բարդ ընթացակարգն է, որի համաձայն` ամեն առանձին դեպքի համար կազմակերպությունները ստիպված են նոր հայտ ներկայացնել` փաստաթղթային ամբողջական փաթեթով։
Գործող կարգը պարզեցվեց մայիսի 23–ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ։ Վերահսկողությանը մասնակցելու համար հիմա բավական կլինի գրանցվել ֆինանսների նախարարության համապատասխան ցուցակում և վերահսկողության ընթացքում չխանգարել շինարարական աշխատանքների ընթացքին ու պահպանել անվտանգության նորմերը։
«Եթե ճանապարհ կամ «դուխ» են բացում հանրային վերահսկողության առաջ, այդտեղ վատ բան չկա։ Լրագրողները կամ ՀԿ–ները հնարավորություն կունենան հանրային վերահսկողության մեխանիզմներ կիրառելու, բայց պայմանով, որ չեն վերցնի մասնագիտական վերահսկողությունը։ Հիմնական խնդիրն այն է, որ շատ դեպքերում տեխհսկողների և շինարարների միջև լինում են պայմանավորվածություններ ինչ–որ բաների վրա աչք փակելու, բայց եթե հանրային վերահսկողության պատուհանը բացվում է, 3-րդ , 4–րդ ստուգող աչք է գալիս, մի կողմից լավ է, բայց մյուս կողմից ռիսկեր է պարունակում»,–ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` ռիսկերից մեկն այն է, որ հասարակական կազմակերպությունները կամ լրագրողները շատ ոլորտներում մասնագիտացված չեն և չունեն համապատասխան որակավորում, ինչն էլ կարող է խանգարել վերահսկողություն իրականացնելու գործընթացում։
Օրինակ` ասֆալտապատման որակի ստուգումը հատուկ սարքավորումներ է պահանջում, որոնք շերտերի խորությունն են ստուգում, և հատուկ փորձաքննությունը կարող է պարզել, թե շինարարը որքանով է ճիշտ կառուցել ճանապարհը։
Բայց երբ որևէ շինարարությունը հանձնելու ժամանակ նշվում է, որ մայթը սարքվել է, բայց դա արված չէ, և գումարի դիմաց այդ ամենի վրա աչք փակելու պայմանավորվածություն կա տեխհսկիչի հետ, այդ դեպքերում քաղաքացիական հասարակությունն իսկապես անելիք ունի։
Մասնագետի խոսքով` չկա երաշխիք, որ լրագրողների կամ հասարակական կազմակերպությունների անդամների խոսքը կառավարությունում լսելի կլինի կամ սուբյեկտիվ մոտեցում չի լինի։ Միայն հուսադրում է այն, որ քաղաքացիական հասարակությունը ֆորմալ առումով դառնում է կողմ պետական գնումների գործընթացում` հանձնող–ընդունող հանձնաժողովի կազմում և պետք է թղթեր ստորագրի, փոխհարաբերվի մյուս անդամների հետ։
Միաժամանակ, ըստ մասնագետի, նման որոշումով կառավարությունը ոչ ուղիղ տեքստով, բայց խոստովանում է, որ մի շարք տեսչական մարմիններ ոչ միայն լավ չեն աշխատում, այլև ունեն խնդիրներ։
«Միգուցե ֆիզիկապես չեն հասցնում կամ շատ հնարավորություններ չունեն, բացառապես կախված են պետական ֆինանսավորումից , չունեն լուրջ վերահսկողություն իրականացնելու մոտիվացիա»,–ասաց նա։
Այդուհանդերձ, Մարգարյանը կարծում է, որ ամենամեծ ռիսկը անհաճո շինարարական կազմակերպությունների նկատմամբ գրպանային լրատվամիջոցների ձեռքով ճնշումներ կիրառելու ձգտումն է լինելու։