«Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում

Վթարի վայր. արխիվային լուսանկար
Իրավապահները պարզել են, որ երիտասարդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ «Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայ գյուղում։ Ղեկի դիմաց եղել է Արմավիրի մարզի բնակիչ Հենրիկ Այդինյանը։
Դեպքի վայր մեկնած իրավապահները երիտասարդին սթափության փորձաքննության են ենթարկել։ Պարզվել է, որ նա սթափ է, բայց մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։