ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ուկրաինայի ռազմական հետախուզությունն անմիջական կապ ունի մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ այդ հարձակման հետ անմիջական կապ ունի Ուկրաինայի ռազմական հետախուզությունը», - ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Ներկայում հաստատվում է ոճրագործությանը մասնակից անձանց ամբողջ շրջանակը։ Արդեն ձերբակալվել է ավելի քան 20 անձ, այդ թվում՝ անմիջական կատարողներն ու հանցակիցները։
ՌԴ ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր հանգամանքները կպարզվեն, կպատժվեն բոլոր մասնակիցները:
Մարտի վերջին ՌԴ քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչություն իրականացնողները հարցաքննությունների ընթացքում հայտարարել են, որ իրենց գործողությունները համակարգել է կեղծանունով մի տղամարդ՝ Telegram-ում ձայնային հաղորդագրություննեերի միջոցով: Նրա ցուցումով ահաբեկիչները ավտոմեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, իսկ Կիևում պետք է ստանային վարձատրությունը:
Քննչական կոմիտեն նաև հայտնել է հաստատված տվյալների առկայության մասին՝ կասկածյալի կողմից Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ ստանալու վերաբերյալ։
Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Զոհվել է 145 մարդ, տուժել են ավելի քան 550-ը։
Ահաբեկչության գործով ձերբակալվել է 4 ենթադրյալ կատարող՝ Մուրոդալի Ռաչաբալիզոդուն, Շամսիդին Ֆարիդունին, Դալերջոն Միրզոևը և Մուհամմադսոբիր Ֆայզովը, ինչպես նաև հանցագործության 8 մասնակից: