ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Այն, ինչի վրա գրված է կաթնամթերք, այն իսկապես պետք է լինի կաթնամթերք։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Երևանում ներկա է եղել «Երեմյան Փրոջեքթսի» ընկերության կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է` վարչապետը շնորհավորել է գործարանի բացման առթիվ և ընդգծել, որ այս ներդրումը ստանդարտի ներդրման օրինակ է, քանի որ փոխում է ընկալումն արտադրական ստանդարտների մասին:
«Ստանդարտ սահմանել, նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը և համոզմունք ունենալ, որ այն, ինչի վրա գրված է կաթնամթերք՝ այն իսկապես կաթնամթերք է»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել պայմաններին և արտադրական հզորություններին:
Նշվում է, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ լիտր կաթի մշակման ներուժ: