Ներքին Հանդում գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիության խնդիր ունեն. ՄԻՊ–ն այցելել է գյուղ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ներքին Հանդում
Անահիտ Մանասյանը խոստացել է, որ մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում սահմանամերձ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ քննարկել է մարդկանց իրավունքներին վերաբերվող և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:
«Քաղաքացիները պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Նաև խոստացել է, որ մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Հող ու անասուն չի մնացել. ինչո՞վ են ապրում սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչները
Հիշեցնենք` ավելի վաղ Sputnik Արմենիային ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։
Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի։
Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը