ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան մեկ ամիս հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գալ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նիկոլյանը նշեց՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչու սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս լրագրողների հետ զրույցում դիմել էր Լեո Նիկոլյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին՝ խնդրելով թույլ տալ իրեն տեսակցել ֆրանսահայ լրագրողի հետ և անձամբ հորդորել, համոզել դադարեցնել հացադուլը։
«Զարմանում եմ, քանի որ ես Ամերիկայում չեմ, 10 րոպե է պետք աերոպորտ հասնելու համար»,- ասաց Նիկոլյանը։
Նա նշեց, որ լավ գիտի՝ Ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես թույլ չի տա մտնել օդանավակայան և հանդիպել իր հետ, բայց դրա համար ևս լուծում կա․ պետք է գնել ավիատոմս՝ ցանկացած ուղղությամբ և մեկնման սրահում հանդիպել, խոսել։ Նիկոլյանն անգամ պատրաստ է գնել այդ ավիատոմսը։
«Բագրատ սրբազա՛ն, խնդրում եմ, եթե գումար չունես, ես կվճարեմ։ Մի ուղղություն, ասենք՝ Թբիլիսի՝ ամենաէժան ուղղությունն է, մի 70 դոլարի չափ է, կգաս այստեղ, կոֆե քեզ կհյուրասիրեմ, կնստենք, կխոսենք, հետո չես թռչի, հետ կգնաս քաղաք»,- առաջարկեց Նիկոլյանը։
Ասաց, որ այստեղից մեկնող բազմաթիվ հայեր են այս օրերի ընթացքում մոտեցել, զրուցել իր հետ, զորակցություն հայտնել, ու դա իրեն ուժ է տալիս շարունակելու պայքարը։
Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։