Դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում. Լեո Նիկոլյան

Sputnik
Երեկ երեկոյան սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը հրում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին, որը արդեն տևական ժամանակ է՝ հացադուլի մեջ է՝ իրեն Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու պատճառով։
Քանի որ տեսագրությունում բացակայում է ձայնը, հասկանալի չէ, թե ինչի շուրջ են վիճաբանում Նիկոլյանն ու օդանավակայանի աշխատակիցները։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանության ժամանակ Նիկոլյանը ընկել է հատակին։
Sputnik Արմենիայի թղթակիցն այսօր առավոտյան օդանավակայանում այցելել է Լեո Նիկոլյանին և նրա հետ խոսել երեկվա միջադեպի մասին։
Նիկոլյանը չի ցանկացել մեղադրանքներ ուղղել օդանավակայանի աշխատակիցների դեմ և կատարվածը վերագրել է 1 ամսից ավելի տևող հացադուլի հետրանքով իր առողջական ու հոգեկան վիճակին։
«Մեկ–մեկ որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։ Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են»,– ասել է Նիկոլյանը։