«Վերջին զանգի» կապակցությամբ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

«Վերջին զանգը» Երևանում. Արխիվային լուսանկար
Ոստիկանության նպատակը հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության ու օրվա տոնականության պահպանումն է լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում և մարզերում ոստիկանությունն իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` հիշեցնելով որ մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը:
«Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանությանը որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ոստիկանությանը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: