Փաշինյանն ու Վիզլերը խոսել են սահմանազատման գործընթացի մասին

Ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր են այսօր քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման հարցում զրուցակիներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:
Միասին շատ բան կարող ենք անել. Լյուքսեմբուրգում ՀՀ գրասենյակ է բացվել
Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնակչության խնդիրներին և ՀՀ կառավարության հասցեական մոտեցմանը՝ այդ խնդիրները լուծելու համար։ Այս համատեքստում կարևորվել է նաև միջազգային հանրության աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերություններին։
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համատեղ օրակարգը հետևողական կերպով ընդլայնվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետ Փաշինյանն անձամբ շնորհակալություն է հայտնել Վիզլերի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից պարբերաբար արտահայտվող հայանպաստ դիրքորոշումների համար։
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել
Կլոդ Վիզլերն ընդգծել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում: Նա շեշտել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչը կնպաստի նաև տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանն ու զարգացմանը: