Նեթանյահուին ձերբակալելու պահանջը կարող է նախադեպ դառնալ. ՀՀ–ն կպահանջի՞ ձերբակալել Ալիևին

Sputnik
Ամիսներ առաջ, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին միանալ Միջազգային քրեական դատարանին, շատերը հակադարձում էին՝ բայց մեր ինչի՞ն է պետք որևէ լուրջ լիազորություն չունեցող այդ դատարանը, որի իրավասությունը չեն ճանաչել Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Իսրայելը և տասնյակ այլ երկրներ։ Պատասխանն այսպիսին էր՝ այդ դատարանին դիմելը ևս մի հնարավորություն է` պատասխանատվության կանչելու Ադրբեջանի ղեկավարներին։
Այս տարվա փետրվարից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ուժի մեջ մտավ Հայաստանում, բայց գոնե առայժմ Ադրբեջանի ղեկավարության դեմ դիմում ներկայացնելու մասին խոսք չկա։ Եվ բավական դժվար է պատկերացնել, թե Հայաստանի իշխանություններն ինչ հիմքով են մեղադրելու Իլհամ Ալիևին Արցախում իրականացրած էթնիկ զտումների մեջ այն դեպքում, երբ մայիսի 21–ին հայոց խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ընթացքում այդ նույն իշխանությունը ներկայացնող պատգամավորներից շատերը պնդում էին՝ Արցախի Հանրապետությունը լուծարել և ժողովրդին Հայաստան են բերել հենց Արցախի ղեկավարները։ Այն, որ դա արվել է ղարաբաղցիների գլխավերևում կախված ադրբեջանական յաթաղանի տակ՝ ոչ մի խոսք։
Այնինչ, այս շաբաթ Հաագայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարող է նախադեպ հանդիսանալ մեզ համար։ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը խնդրել է դատարանին թույլ տալ ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդներին՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին և դրանից հետո կատարած պատերազմական հանցագործությունների համար։
Դատախազը պնդում է, որ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը արտոնել են խաղաղ բնակիչների սպանությունը և ամեն ինչ արել են, որ Գազայի հատվածում ապրող պաղեստինցիները սովամահ լինեն։
Հռոմի ստատուտի վավերացման գինը, կամ ՌԴ–ն ի՞նչ լծակներ կկիրառի ՀՀ–ի նկատմամբ
Այս ի՜նչ հրեշավոր մեղադրանքներ են. վրդովվում են Իսրայելի իշխանությունները՝ երևի մոռանալով, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու օր անց, Իսրայելի պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել է, մեջբերում եմ բառացիորեն. «Ես հրամայել եմ լիովին շրջափակել Գազայի հատվածը։ Այնտեղ չի լինի ո′չ էլեկտրականություն, ո′չ սնունդ, ո′չ վառելիք, փակելու ենք ամեն ինչ… Մենք պայքարում ենք մարդակերպ գազանների դեմ և գործելու ենք դրան համապատասխան»։
Համաձայնե′ք` Իլհամ Ալիևը հազար անգամ ավելի խելոք էր վարվում՝ նա երբեք չէր հայտարարում, թե հրամայել է շրջափակել Լաչինը և սովի մատնել ղարաբաղցիներին, ընդհակառակը` միշտ պնդում էր, թե ամեն ինչ կարգին է, մինչդեռ Ստեփանակերտում ամիսներով ո′չ լույս կար, ո′չ գազ, խանութների դարակները դատարկ էին, իսկ հացի փռերի առջև հսկայական հերթեր էին։ Երևի հայաստանցի իշխանական պատգամավորներից ոմանք էլ շատ շուտ մոռացան, թե ինչ անասելի տառապանքներից հետո արցախցիներն ի վերջո որոշեցին լքել իրենց պապենական հողը։
Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք ղեկավարներին ձերբակալելու դիմումը դեռ պետք է քննարկվի Միջազգային քրեական դատարանում։ Թե դա երբ կլինի և որքան կտևի, առայժմ ոչ ոք չի կարող ասել։ Բայց տարբեր երկրների արձագանքն արդեն մտածելու տեղիք է տալիս՝ նույն Եվրոպայում Ֆրանսիան հավանություն է տվել դատախազի դիրքորոշմանը, Մեծ Բրիտանիան բացասական վերաբերմունք է արտահայտել։
Ամերիկան ընդհանրապես սպառնացել է պատժամիջոցներ կիրառել դատարանի նկատմամբ, եթե այն հանդգնի Բիբիին ձերբակալելու որոշում կայացնել։ Ահա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայլ Ջոնսոնի բառերը. «Մենք պատրաստ ենք ցանկացած միջոց կիրառել դատարանի դեմ, որովհետև եթե այսօր թույլ տանք սպառնալ Իսրայելի ղեկավարությանը, վաղը մենք ենք լինելու հաջորդը»։
Իսրայելում, իհարկե, արձագանքը շատ ավելի խիստ է։ Նախագահ Իցհակ Հերցոգը դատախազի դիմումը որակել է որպես «գլոբալ դատական համակարգի կործանում»։ Ինքը՝ Նեթանյահուն, ասել է, թե դա «համաշխարհային սկանդալ» է։ Բայց մենք հո արդեն լավ գիտենք, որ ո′չ այս դատական մարմինը, ո′չ էլ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որը դեռ ամիսներ առաջ է քննարկել Հայաստանի հայցն Ադրբեջանի դեմ, իրադրության վրա ազդելու բացարձակ որևէ լծակ չունեն։ Այս մասին շատ հետաքրքիր կարծիք է հայտնել Politico ինտերնետային պարբերականը, որի մեկնաբանը գրել է. «Եթե Միջազգային քրեական դատարանն այնուամենայնիվ որոշի ձերբակալել Նեթանյահուին, դա ոչ միայն որևէ հետևանք չի ունենա, այլև փրկություն կլինի վարչապետի համար, որովհետև եթե դեռ երեկ ընդդիմությունը նրա հրաժարականն էր պահանջում, ապա այսօր այդ նույն ընդդիմությունը միավորվել է նրա շուրջ՝ ընդդեմ արտաքին ճնշման»։
Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ է ստեղծում ոչ միայն ՌԴ–ի, այլև Իրանի հետ. Ռուստամյան
Այնպես որ, եթե Հայաստանն ի վերջո որոշի դիմել նույն դատարանին՝ Ադրբեջանի ղեկավարներին մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ, լավ կլինի, որ հազար անգամ մտածի՝ իսկ արդյոք դա էլ ավելի չի՞ համախմբի բոլոր ուժերին Իլհամ Ալիևի շուրջը։ Ասենք, այնտեղ հիմա էլ բոլորը համախմբված են, մենք ենք պառակտված։