ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «LEXUS» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ մայիսի 21-ին` ժամը 19։30-ի սահմաններում, փորձել են հրկիզել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ավտոմեքենան։ Անհայտ անձը բենզին է լցրել Գարեգին Նժդեհի հրապարակին հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի 055 QQ 55 համանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին և փախել։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել է Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական»,– ասված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։