Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր դարձավ Վարդան Ազատյանը

ՀՀ կառավարության հերթական նիստը. Արխիվային լուսանկար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մրցույթը տեղի է ունեցել մայիսի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Վարդան Ազատյանի ընտրության արդյունքները հաստատվեցին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է սահմանված բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մրցույթը տեղի է ունեցել մայիսի 6-ին։ Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին գրանցվել էր երկու հավակնորդ՝ արվեստագիտության թեկնածու Վարդան Ազատյանն ու ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Ռեկտորի ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով (1 անվավեր քվեաթերթիկ) դոցենտ Վարդան Ազատյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: