ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական, անկախ նրանից, թե ովքեր կլինեն դեմքերը։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այն պետք է ունենա 3 կարևոր հարցադրումների օրակարգ` ներքին, արտաքին և առաջիկայի որոշակի պարտավորություններ` ժամանակավոր դրվածքով»,– ասաց նա։
Սրբազանի խոսքով` այն պետք է լինի նաև ունակների կառավարություն։ Հենց դրա համար էլ իրենք տարբեր ոլորտների մասնագետների հետ են հանդիպում, խնդրում են, որ ամեն ոլորտից 3 մասնագետ ներգրավվի այս գործընթացին։
«Մենք այսօր կոլեգիալ պատասխանատվության հրամայականի առջև ենք կանգնած, որն իր ենթաշերտում անպատասխանատվության խնդիր էլ ունի, որովհետև բոլորը բոլորի վրա են նետում ու ասում են` դե, մենք ի՞նչ անենք»,– հավելեց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա վստահեցրեց, որ եթե այդ մշակույթը զարգացնենք, շատ հետաքրքիիր երևույթ կունենանք։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Վերջին մի քանի օրերին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և ամեն երեկո օրն ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում։