ՔԿ–ն մեղադրում է Սպիտակցի Հայկոյի որդուն իշխանությունը յուրացնելու փորձի մեջ

Նախաձեռնվել է քրեական վարույթ իշխանությունը յուրացնելու նպատակով հանցագործության նախապատրաստության հատկանիշներով։
Sputnik
Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Հրաչյա Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոյի որդին -խմբ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Հաղորդագրությունում նշվում է, որ Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը։
«Ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Հրաչյա Ղևոնդյանը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նպատակով հանցագործության նախապատրաստությունը)։