ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Շառլ Ազնավուրի հոբելյանը յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:
Այսպես է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով իր ուղերձը սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ Շառլ Ազնավուրին` որպես մեծ հայի, որպես մարդու, որն իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում, գիտեն բոլորը։
«Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ` նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը` այսպիսով թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո»,– ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
Նա հիշեցրել է, որ Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ու դա համարել է առավել քան խորհրդանշական։
«Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը` փոքրիկ Միսակն ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է` ի դեմս Հայաստանի Հանրապետության»,– գրել է վարչապետը:
Նշենք, որ Հայաստանն ու Ֆրանսիան միաժամանակ նշում են մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։
Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին` 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։