Մեր աջակցությունը հայաստանցիներին վճռական է. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը շեշտում է իրենց նվիրվածությունը 1991 թ. Ալմա–Աթայի հռչակագրին, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ կճանաչեն մեկը մյուսի ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն իր վճռական աջակցությունն է հայտնում հայաստանցիներին։ Այս մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն ասաց ՀՀ ազգային ժողովում։
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները բավականին ամուր են։
«Մեկ տարի առաջ էի այստեղ ու որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի նոր նախագահ ես պետք է վերադառնայի` հատկապես այն ամենի պատճառով, ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում։ Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ` տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններին, որոնք ցնցեցին Լեռնայի Ղարաբաղի տարածաշրջանը։ Տեղյակ ենք նաև, որ ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց այն անհիմն ու անարդարացի գործողությունների արդյունքում, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացրեց Ադրբեջանը։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջացրել, այլև սպառնում է Հայաստանի հին և անտիպ մշակութային կոթողներին։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջմանը։ Աջակցությունը հայաստանցիներին մնում է անհողդողդ և վճռական»,– ասաց Վիզլերը։
Նա ընդգծեց` որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ, իրենք չեն կարող այս տառապանքին անտարբեր մնալ։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը շեշտեց իրենց նվիրվածությունը 1991 թ. Ալմա–Աթայի հռչակագրին, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ կճանաչեն մեկը մյուսի ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Վիզլերը վստահեցրեց` դա էլ իր հերթին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կբերի։
Նա հայտարարեց նաև, որ կշարունակեն իրենց ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելության զարգացման գործում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կուժեղացնեն այն, ջանքեր կներդնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում։