Իրանը կշարունակի զգայուն լինել Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ․ Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն հակառակորդներ, ուստի մեծ ուշադրություն է պետք դարձնել դրանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Իրանը պետք է շարունակի պահպանել ուշադրությունն ու զգայունությունը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ։ Այս մասին ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Նա հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի առաջնորդությամբ։
«Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն»,- շեշտել է այաթոլլա Ալի Խամենեին։
Հավելենք, որ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է աշխատանքային այցով։ ՀՀ վարչապետը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։