Համաշխարհային աստղերը Հայաստանում. ինչ է սպասվում «Սանկտ Պետերբուրգի պալատները» փառատոնում

Փառատոնի շրջանակներում երկու համերգ կկայանա, իսկ բացումը կլինի Տիգրան Մեծի մասին ստեղծագործությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Հունիսի 16-23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուսաստանի վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Մարիա Սաֆարյանցը։
Մարիա Սաֆարյանցը
Նա խոստովանեց, որ վաղուց էր ցանկանում նման փառատոն անցկացնել Հայաստանում, և վերջապես իր մտահղացումն իրագործելու հնարավորություն ունեցավ: Սաֆարյանցը նշեց, որ փառատոնի բացումը կկայանա հունիսի 16-ին «Զվարթնոց» տաճարի ավերակներում: Այնտեղ կկատարեն «Տիգրան Մեծի կերպարանափոխությունները» ստեղծագործությունը։ Հայ հանդիսատեսին իր վոկալի վարպետությունը կցուցադրի իտալացի հայտնի կոնտրտենոր Աուրելիո Սկյավոնին (Իտալիա): Ելույթ կունենան նաև սոպրանո Մարինա Զյատկովան, Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ, տենոր Բորիս Ստեպանովը, ինչպես նաև Միխայլովյան թատրոնի մեներգիչ, բաս Կարեն Ակոպովը: Ստեղծագործությունը կկատարվի Կամերային նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր Քրիստիան Դելիզոյի ղեկավարությամբ (Իտալիա):
«Վերջում կհնչի դուդուկը՝ որպես Հայաստանը խորհրդանշական ձայն։ Հանդիսատեսի առջև ելույթ կունենա առաջնակարգ երաժիշտ Գևորգ Դաբաղյանը»,-ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կհնչի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական օպերան
Սաֆարյանցը նաև հավելեց, որ հունիսի 18-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենան Մարիինյան և Միխայլովյան թատրոնների մենակատարներ Կարեն Ակոպովը, Յուրի Վլասովը, Սերգեյ Սևաստյանովը, ինչպես նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը:
«Բասերի շքերթ կունենանք, չորս բաս է ելույթ ունենալու․ երեքը Ռուսաստանից, մեկը՝ Հայաստանից։ Նրանք կկատարեն թևավոր արիաները Շալյապինի երգացանկից»,-ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան անվան համերգասրահում կկայանա փառատոնի փակումն ու «Հաղթողների ԳԱԼԱ»-ն, որի ընթացքում ելույթ կունենան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը, ակորդեոնահար-իմպրովիզատոր Սիմոնե Զանկինին (Իտալիա), սաքսոֆոնահար Սերգեյ Կոլեսովը և ինքը՝ Սաֆարյանցը:
«Շատ կարևոր են լեփ-լեցուն դահլիճները և մեր հանդեպ հետաքրքրությունը։ Արտիստը պետք է բեմ դուրս գա և հաղթի։ Սրանք բավականին մեծ և թանկ նախագծեր են։ Այստեղ կարևորը տնտեսությունը չէ, կարևորն այն է, որ Երևանի մշակութային վերնախավը մեզ հետ լինի։ Մենք հույս ունենք, որ փառատոնը կդառնա ամենամյա»,-նշեց Սաֆարյանցը։
Անի Եփրիկյանը
Իր հերթին փառատոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Անի Եփրիկյանը նշեց, որ «Զվարթնոց» տաճարի ավերակների մերձակա տարածքը նախատեսված է 500 տեղի համար, և տոմսերն արդեն վաճառվում են: Կազմակերպիչները ցանկացողներին կօգնեն տեղ հասնել։
Նշենք, որ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գլխավոր երաժշտական փառատոններից մեկն է։ Փառատոնում հնչում է դասական երաժշտություն համաշխարհային աստղերի կատարմամբ: