Ես ժամանակին առաջարկ եմ արել եկեղեցուն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Երկրորդը
ՀՀ վարչապետը կարծում է, որ իր առաջարկը մերժվել է, որովհետև կառավարության և եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ ու հաշվետվողական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին առաջարկել է, որ ՀՀ կառավարությունն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին համատեղ նախագիծ անեն։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին։
Մոմ ծախել և հարկ չվճարե՞լ․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը
Իշխող խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը։
Հոգևորականը «24news»–ին տված հարցազրույցում ասել է. «Խնդրեմ` մեզ հարկեք ամբողջական, սակայն հատուցեք այն վնասը, որ տվել եք եկեղեցուն` եկեղեցիների թալանի, վանքերի կողոպտման, մեր գույքի առգրավման, մեր հողերի բռնագրավման … Վերադարձրեք ամեն ինչ, այն, ինչ բռնագրավել եք եկեղեցուց, հատուցեք այն վնասը, որ հարուցել եք, դրանից հետո սկսեք հարկել։ Մատենադարանը կվերադարձնեք Մայր աթոռին, դրա եկամուտները կստանա Մայր աթոռը, դրանից կհարկեք։ Այն հողատարածքները… Գիտե՞ք` քանի գյուղ է եղել եկեղեցու սեփականություն` Վաղարշապատ, Օշական, Մուղնի, Մաստարա, Եղվարդ` իրենց ամբողջ հողատարածքներով։ Հատուցեք, չեք կարող, չէ՞, հիմա բոլորը վերադարձնել` տասնյակհազարավոր մարդիկ այդ հողերի վրա նստած են, սեփականության վկայականներ ունեն»։
Պատգամավորը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին ՀՀ կառավարությունից պահանջում է 5 գյուղ և Մատենադարանը։ «Եկեղեցու տվյալ ներկայացուցիչը նաև պահանջում է վերադարձնել եկեղեցուն պատկանող այդ տարածքները, փոխհատուցել հասցված վնասը ու հետո միայն խոսել եկեղեցուն հարկելու մասին»,– ավելացրեց Ղազարյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցին այլ երկրներում նման հարց պարբերաբար բարձրացնում է, սակայն չէր կարծում, որ ՀՀ–ի նկատմամբ նմանատիպ վերաբերմունք ևս կլինի։
«Գիտեմ, որ Թուրքիայի դեմ նման հայցապահանջներ Հայ առաքելական եկեղեցին ուներ ու ունի։ Չեմ զարմանա, որ նույն տրամաբանությամբ նա առաջնորդվի նաև ՀՀ–ի նկատմամբ։ Սա խոսուն փաստ է։ Ես ժամանակին առաջարկել եմ, որ ՀՀ կառավարությունն ու Հայ առաքելական Սուրբ եկեղեցին համատեղ մի նախագիծ անեն. այսօր հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ փլուզվում են, ես առաջարկել եմ համատեղ վերականգնել դրանք, սակայն, չգիտես ինչու, այդ թեման հետաքրքիր չի եղել եկեղեցուն»,– նշեց վարչապետը։
Նրա կարծիքով` դրա համար կա ֆունդամենտալ մի պատճառ` թե՛ ՀՀ կառավարության, թե՛ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ ու հաշվետվողական, որն էլ պատճառ է դարձել եկեղեցու կողմից այդ առաջարկը չիրագործելու համար։
Փաշինյանը կասկածում է, որ եկեղեցին ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ ունի