ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:
«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»,- գրում է Կոստանյանը։
Նա շեշտում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար։
Կոստանյանի խոսքով՝ համակարգային բարեփոխումների արդյունքներից մեկն այն է, որ մայիսի 20-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ՝ ընկերությունում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է։