ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցները

Հնարավոր տարբերակները ներառում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի վերացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Եվրամիության մի շարք երկրներ քննարկում են Վրաստանի իշխանությունների վրա պատժամիջոցային ճնշման միջոցառումները, այդ թվում` առանց վիզայի ռեժիմի կասեցումը օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով: Այս մասին գրում է Financial Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը երրորդ` վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը` չնայած փողոցային բողոքներին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շաբաթ օրը վետո է դրել օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»: Նախագահական վետոն հաղթահարելու համար խորհրդարանին անհրաժեշտ է ընդամենը ձայների մեծամասնություն։
«Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հանդես կգան սահմանափակող միջոցների քննարկման նախաձեռնությամբ։ Հնարավոր տարբերակները ներառում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի վերացումը, ուղղորդված պատժամիջոցները և ԵՄ-ում միջոցների սառեցումը»,-նշում է պարբերականը։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ցույցեր էին անցկացվում` պահանջելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչպես դա արդեն տեղի ունեցավ 2023 թվականին։ Սակայն մայիսի 14-ին խորհրդարանն օրենքն ընդունեց երրորդ և վերջնական ընթերցմամբ։
Վրաստանի իշխանությունը կարծում է, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը կարևորագույն նախապայման է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրամիության հիմնական հանձնարարականն է:
Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ը, Իսրայելը և Ավստրալիան, իսկ ԵՄ-ում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միևնույն ժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Վրաստանի նախկին վարչապետը նշել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկման պայմանը
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Ամեն տարի նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։
Իշխանությունը 2023 թվականի մարտին զանգվածային բողոքների ֆոնին հետ կանչված օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել է այն բանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։