«Դժվար է հավատալ». Պեսկովը Ռայիսիի մահվան մասին Բլինկենի հայտարարությունը բռի է որակել

Կրեմլում արձագանքել են Իրանի նախագահի մահվան կապակցությամբ ԱՄՆ գլխավոր դիվանագետի խոսքերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն անհարմար ու բռի է անվանել:
Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Իրանի ժողովուրդն ու ամբողջ աշխարհն ընդհանուր առմամբ շահել են ավիավթարի հետևանքով Ռայիսիի զոհվելուց:
«Գիտեք, ճիշտն ասած` ես այդ հայտարարության բնօրինակը դեռ չեմ տեսել։ Դժվար է հավատալ, որ դիվանագետը, առավել ևս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրի այդքան բարձրաստիճան ներկայացուցիչը, կարող էր այդպիսի, դիվանագիտորեն ասած, անհարմար հայտարարություն անել։ Իսկ դա, ըստ էության, բռի հայտրարարություն է մի ամբողջ ժողովրդի հասցեին»,-ասել է Պեսկովը` մեկնաբանելով Բլինկենի հայտարարությանը Կրեմլի վերաբերմունքը։
Ավելի վաղ Բլինկենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ-ն, չնայած պաշտոնական ցավակցություններին, չի սգում Իրանի նախագահի մահվան կապակցությամբ: Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի համար նախագահի մահից հետո հավանաբար ավելի լավ է։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։