ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Բագրատ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր առաջնորդած շարժման միջոցով չի կարող նախկին ռեժիմների վերադարձի որևէ փորձ լինել ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույկցում հայտնեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Նա ոչ թե դա պետք է հստակ արձանագրի, այլ պետք է ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ՞, որ ասում է` դատավորը պետք է լինի անկախ, նա նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ սրբազանին։ Եթե մեր խորհուրդները, մեր մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ աջակցություն ժողովրդի կողմից։ Եթե ոչ, ապա` կապրենք կտեսնենք»,–ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան, որտեղ մայիսի 9-ին մեծ հանրահավաք անցկացվեց։ Հաջորդ օրվանից Բագրատ սրբազանի կոչով պարբերաբար անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այս ամենի ֆոնին հաճախ կարծիքներ են հնչում, թե շարժման հետևում կանգնած են ՀՀ նախկին իշխանությունները։