Արարատի մարզում 58-ամյա տղամարդը դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է վաճառել

Տան նախկին աշխատակիցը հետաքրքրություն է առաջացրել անչափահաս աղջկա մոտ թմրամիջոցի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է՝ մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ իրենց տան նախկին աշխատողն իր անչափահաս դստերը թմրամիջոց է վաճառել։ Կինն իրավապահներին է ներկայացրել նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջկան թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը։ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք:
«Տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված»,- հայտնում են ՔԿ-ից։
Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ իրացված զանգվածը կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:
58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով։ Միջնորդությունը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: