«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին փորձել են կողոպտել

Այսօր նաև ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Նիկոլյանի հետ՝ նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանից ցանկացել են գումար գողանալ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը՝ նշելով, որ ֆրանսահայ լրագրողն այդ մասին հայտնել է օդանավակայանի ոստիկանության ծառայողներին։ Նա մատնացույց է արել այն տղամարդուն, որ ցանկացել է գումար գողանալ Նիկոլյանի սայլակի մեջ գտնվող պոլիէթիլենային տոպրակից։
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է:
Նշենք, որ այսօր ֆրանսահայ լրագրողին են այցելել ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում աշխատակազմի բժիշկ-մասնագետը՝ Նիկոլյանի առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրա վիճակի վերաբերյալ քննարկում են ունեցել նաև օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ:
Ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։