ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Այս տարվա 1-ին եռամսյակում արձանագրված 9.2% տնտեսական աճի ցուցանիշն իրականում 6 %–ի շրջակայքում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը`մեկնաբանելով վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ամենամեծ աճը` 31.1%, գրանցվել է մշակող արդյունաբերության ոլորտում։ Ֆանյանի դիտարկմամբ, այս բնագավառում նման աճը հիմնականում պայմանավորված է ոսկերչական ապրանքների վերարտահանմամբ։
«Ունենալով այդ ոլորտի թողարկման ցուցանիշները` վստահաբար կարող ենք ասել, որ հիմնական մասը պայմանավորված է ոսկերչության թողարկման աճով։ Իսկ ոսկերչության ոլորտում, ինչպես գիտենք, կան նաև գործարքներ, որոնք ռեէքսպորտի բնույթ ունեն, կամ շատ քիչ վերամշակման են ենթարկվում։ Այս պատկերն ամբողջանում է ԱԱՀ–ի հաշվարկման միջոցով։ Եթե ոսկերչության ոլորտի էֆեկտը հանենք, աճը, թերևս կլինի 6%–ի շրջակայքում»,– կարծում է Ֆանյանը։
Ընդ որում, տնտեսագետը համոզված է, որ այդ հավելյալ 3%–անոց աճը ՀՆԱ–ի ցուցանիշում հաշվարկվել է վիճակագրության ոչ ստույգ հաշվարկի արդյունքում։
«ՀՆԱ–ն հաշվարկվում է «թողարկում–միջանկյալ սպառում» բանաձևով։ Իսկ սպառման ցուցանիշները ստանալու համար որոշակի ժամանակային լագ է անհրաժեշտ լինում։ Դիցուք` հիմա 2024թ–ի 1-ին եռամսյակի ՀՆԱ–ն գնահատելու համար օգտագործվում է 2022թ–ի արդյունքները, որն ունի վիճակագրությունը։ Իսկ մենք գիտենք, որ 2022-ին վերաարտահանման կոմպոնենտը չկար։ Այսինքն` իրական բուն արտադրություն և արտահանում էր։ Եվ, բնականաբար, ուրիշ պատկեր էր ցույց տալիս»,– ասում է Ֆանյանը` արձանագրելով, որ ոսկու ու ադամանդի վերաարտահանումը Հայաստանից սկսվել է 2023թ–ից։
Վիճակագրական այս հաշվարկի արդյւնքում էլ, ըստ տնտեսագետի, մշակող արդյունաբերության ընդհանուր ցուցանիշը աննախադեպ աճ է գրանցել` իր հերթին ուռճացնելով ՀՆԱ–ի աճի ընդհանուր ցուցանիշը։
2023թ–ին ՀՀ–ից արտահանվել է 1.8 մլրդ դոլարի ոսկի և 589 միլիոն դոլարի ադամանդ։
Դրա հաշվին 2023թ–ի ընթացքում ՀՀ–ից արտահանման ծավալներն աճել են 55 տոկոսով։ Արտահանմա հիմնական ուղղությունը Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հոնկոնգն են, ծագման երկիրը` Ռուսաստանի Դաշնությունը։
Ինչ վերաբերում է վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներում արտացոլված այլ տնտեսական իրողություններին, նշենք, որ ՀՆԱ–ի 9.2 տոկոսանոց աճի կառուցվածքում 31.1 տոկսոանոց աճ գրանցած մշակող արդյունաբերությանը հաջորդում են մեծածախ և մանրածախ առևտուրը և ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգումը (25.1%) և շինարարւթյունը (12.4%):
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում ընդհանրացված աճը կազմել է 4.4%, հյուրանոցային և հանրային սննդի ծառայությունների ոլորտում` 8.1%, սպասարկման և այլ ծառայությունների ոլորտում`3.9%։
Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրության արձանագրած անկումներին, 2024թ–ի 1-ին եռամսյակում դրանք մասնավորապես գրանցվել են հանքարդյունաբերության ոլորտում (5.3%), կապի և տեղեկատվության ոլորտում (3.2 %) և «Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրություն» վիճակագրական տողում (13.2%)։