ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնությունից թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա շաքարավազ։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
Նշվում է, որ ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ շաքարի մատակարարման իրավունք է ստացել 16 կազմակերպություն։ ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար գյուղնախարարությունն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխել է 181․5 հազար տոննա շաքար։
Շաքարի արտահանման համար ժամանակավոր արգելք կառավարությունը սահմանել է 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։ Այս որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։
Դրա հետ մեկտեղ նախատեսվում է որոշակի ծավալներով շաքարի մատակարարում ԵԱՏՄ երկրներ։
Այսպես, Հայաստանից բացի շաքարավազի արտահանում է թույլատրվում Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28․5 հազար տոննայի չափով։
Նշենք, որ Հայաստանը հիմնականում շաքարը ներկրում է Բրազիլիայից, ոչ մեծ ծավալով` նաև ՌԴ-ից։ Այսպես, 2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է մոտ 35 հազար տոննա շաքար, որից մոտ 32 հազարը` Բրազիլիայից, իսկ մոտ 2,8 հազարը` Ռուսաստանից։
Արտահանման սահմանափակումներ և ԵԱՏՄ երկրների համար (քվոտաների շրջանակներում) բացառություններ Ռուսաստանը կիրառում է նաև այլ պարենային ապրանքների, այդ թվում` հացահատիկի համար (այդ առումով Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտասահմանյան մատակարարն է)։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: