Պետք չէ պատարագը վերածել քաղաքական միտինգի. Ալեն Սիմոնյան

Հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԱԺ խոսնակի կարծիքով՝ ընդդիմության բոլոր նախկին լիդերները սպառել ու վարկաբեկել են իրենց և այսօր իրենց փոխարեն եկեղեցականի են բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար անընդունելի է, որ հոգևորականը զբաղվում է քաղաքականությամբ, որը ըստ ԱԺ խոսնակի՝ առևտուր է։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Այո, քաղաքականությունը առևտուր է, իսկ Աստվածաշնչում ասված է` իմ հոր տունը մի դարձրեք առևտրի տեղ։ Ձեզ թվում է, որ մենք միջազգային մեր գործընկերների հետ բանակցում ենք, առևտուր չի։ Առևտուր է, երբ կոալիցիա ես ստեղծում, ցուցակ ես կազմում։ Եկեղեցին իր գործը թողած դրանով է զբաղցված»,– ասաց նա։
Նա անընդունելի է համարում, որ պատարագը վերածվում է քաղաքական միտինգի։ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Աստվածաշնչով դա անընդունելի է։
Նա աբսուրդ անվանեց հավանականությունը, թե ՔՊ-ականները կընդունեն Բագրատ սրբազանի հաշտեցման գործընթացն ու ընդառաջ քայլ կանեն։
«Նման բան չկա, չի քննարկվում, ու ես զարմանում եմ, որ մարդիկ մտածում են, թե գեթ մեկ մարդ կարող է դա քննարկել»,– ասաց նա։
ԱԺ խոսնակի կարծիքով՝ ընդդիմության բոլոր նախկին լիդերները սպառել ու վարկաբեկել են իրենց և այսօր իրենց փոխարեն եկեղեցականի են բերել։
Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
«Վազգեն Մանուկյանին բերեցին, մի քիչ ծիծաղեցինք, երկմտեցինք.. հիմա ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում ասաց՝ այդ պլանն են իրագործում»,– ասաց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի` ընդդիմադիր դաշտում նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակն է, այնպես որ իշխանությունը նոր էմոցիաներ այս շարժումից չունեն։ Նա վստահեցրեց նաև, որ ՔՊ-ականներն իրավիճակը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հերքեց այն լուրը, թե նրանք չեն շփվում վարչապետի հետ։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 17-ին ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածության առաջադրմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր՝ այս պահին, երբ ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա կամուրջներ փնտրել, միավորել մեր ազգին, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանք վայելող սրբազաններից մեկի թեկնածությունն առաջադրելը կլիներ։