Փաստաբանները գործադուլ են անում. պահանջում են վերանայել հարկերի հավանական բարձրացման հարցը

ՀՀ փաստաբանների պալատ
Փաստաբանները պնդում են, որ խնդրահարույց իրավակարգավորումներն ընդունելու դեպքում կտուժեն ոչ միայն իրենք, այլև հասարակ քաղաքացիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի անդամները գործադուլ են անում և պահանջում, որ ԱԺ-ն օրենքի նախագծից հանի փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները։ Դրանց պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար նաև գները։
Նրանք այսօր հրաժարվել են պաշտպանություն իրականացնել ՀՀ պետական մարմիններում` դատարաններում, նախաքննական մարմիններում։ Փոփոխությունների համաձայն, որոնք այժմ քննարկում է ԱԺ–ն, 2024 թվականի հոկտեմբերից փաստաբանները 5%–ի փոխարեն կվճարեն 10% շրջանառության հարկ, իսկ 2025 թվականից կանցնեն ԱԱՀ–ի (20 %)։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռևս 2019 թվականին, սակայն հետո հանել են օրակարգից։ Հիմա որոշել են նորից վերադարձնել, սակայն իրենց համար անհասկանալի պատճառներով։ Բաբայանը նշեց, որ իրենք այդ նախագծի մասին տեղեկացել են e-draft համակարգից և սկսել են կարծիքներ ներկայացնել ԱԺ–ին, կառավարությանը, միջազգային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանին։ Նա նշեց, որ ՄԻՊ–ը և արդարադատության նախարարությունը բացասական կարծիք են հայտնել այս նախագծի մասով, այնուհետև ԱԺ–ում էլ քննարկում է եղել ու նշվել, որ խնդրահարույց հարցեր կան դեռ։
«Մեզ համար զարմանալի էր, բայց նույնիսկ այդ ամենից հետո կառավարությունը հավանության է արժանացրել, ԱԺ–ում էլ առաջին ընթերցմամբ այն քննարկվում է։ Մտահոգիչ է մեզ համար և անընդունելի»,– ասաց Բաբայանը։
Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք կծագեն օրինագծի ընդունման դեպքում` կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման. 38 և ավելի տոկոսով կավելանա ծառայությունը։ Սա կհանգեցնի նրան, որ անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին կավելացնի պետության ֆինանսական պարտավորության բեռը։ Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:
«ՀՀ քաղաքացին իրավաբանական օգնություն ստանալու համար ստիպված է լինելու ավելի շատ գումար վճարել։ Մենք Հայաստանում մոտ 250 000 գործ ունենք դատարաններում, ստացվում է, որ այս խնդիրն առնչվում է առնվազն 250 000 քաղաքացու»,– ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է փաստաբաններին, ապա առաջարկվող փոփոխությունների պատճառով նրանք ստիպված կլինեն իրենց հարկային հաշվառումն իրականացնել բարդ ընթացակարգերով և սխեմաներով: Սա նրանց համար լրացուցիչ գլխացավանք կդառնա:
Անվճար իրավաբանական ծառայության մատուցումն էլ կարող է դառնալ անհնար, քանի որ փաստաբանները ստիպված են լինելու հարկ վճարել։ Փաստաբանների պալատի նախագահի խոսքով` ծառայությունների հիմնական սպառողները քաղաքացիներն են, և եթե նրանք ԱԱՀ վճարող չեն, հետևաբար պետք է 20% ավել վճարեն։ Իրավաբանական անձանց դեպքում էլ մի փոքր այլ է` նրանց համար ծառայությունն ավելի մատչելի կլինի։
Սիմոն Բաբայանը ներկայացրեց, թե ինչպես են հիմա հարկվում փաստաբանները։ Եթե շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը, վճարում են 5% շրջհարկ և 5% դիվիդենտի հարկ, իսկ եթե շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը, ապա վճարում են 20% ԱԱՀ և շահութահարկ։
Փաստաբանների պալատի նախագահը շեշտեց` եթե նախագիծն ընդունվի, իրենք կորոշեն, թե ինչ ճանապարհով ավելի խիստ պայքարեն դրա դեմ։