ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի։ Այս մասին սրբազանն ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարարությանը։
Վերջինս ասել էր, թե Հանրապետության հրապարակից Սուրբ Աննա եկեղեցու բակ տեղափոխվելը շարժման ընդլայնման մասին չի խոսում։
«Մի մարդ կա, որ հետը խոսելու եմ, ուրիշ մարդ չկա։ Հրապարակում անունը տվել եմ, կխոսի` կստանա, չի խոսի` ... ։ Մնացածը շոշափուկներ են։ Ես ավել բան չեմ ասում, թե չէ ամբիոնից մի բան կասեն, կգան այստեղ թաքուն ուրիշ բան կասեն»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, թե իշխանական թերթերը գրում են, որ հանդիպում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, որի ժամանակ ելքեր են փնտրում շարժումն առաջ տանելու համար։ Սրբազանն ընդգծեց` ինքը 2 օրը մեկ հանդիպում է Վեհափառին, և այդտեղ որևէ անհասկանալի հարց չկա, ամեն ինչից էլ խոսում են, տարբեր հարցեր քննարկում։
«Մի օր դասախոսություն կկարդամ եկեղեցու կյանքի և հոգևոր կյանքի քաղաքականության մասին։ Անգրագետ մարդիկ պետք է իմանան, թե ինչ կարևոր նշանակություն ունի հոգևոր կյանքն այսպես կոչված քաղաքականության ձևավորման մեջ։ Հիմա բարդ բաներ եմ ասելու, չեն հասկանալու։ Վերահաստատում եմ` մեր երկրում քաղաքականություն գոյություն չունի։ Ազգային ժողովը նվիրված է Բագրատ սրբազանին Վազգեն Գալստանյան, Բագրատ չգիտեմինչ ասելուն»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նրա կարծիքով` Հայաստանի ղեկավարությանը այլ բան չի մնացել, քան հրաժարական տալը։ Նա վստահեցրեց, որ ոչ թե հաջողության հեռանկար է տեսնում, այլ «մոտանկար»։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Վերջին մի քանի օրերին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և ամեն երեկո օրն ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում։