ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու փրկարար ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի` Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային միանալը կխթանի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը։
«Համագործակցության օրակարգի ուղղություններից նախարարը կարևորել է նաև պարեկային և ջրային պարեկային ծառայությունների ստեղծումը, հանցավորության դեմ պայքարը, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարը»,– ասված է հաղորդագրությունում։
Բրենդոն Յոդերը կարևորել է արդյունավետ փոխգործակցությունը, նշել, որ ոլորտային բարեփոխումների շրջանակում ձեռքբերումները բացառիկ են։ ԱՄՆ կառավարության անունից նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։