ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Տիկին Սալոմեն (նկատի ունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, - խմբ.) բոլոր հնարավոր մեթոդներով ցույց տվեց, որ ինքն իրեն այդ երկրի քաղաքացի չի համարում։ Սահմանադրությունը խախտելուց հետո սկսել է ծաղրել ժողովրդին», - ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ մեծամասնության պատգամավորները բավարար ձայներ ունեն վետոն հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ վետո կիրառելուց հետո օրենքը կրկին պետք է ուղարկվի նախագահի ստորագրությանը։ Եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հրաժարվի ստորագրել այն, օրենքը կստորագրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որից հետո այն ուժի մեջ կմտնի:
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ցույցեր էին անցկացվում` պահանջելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչպես դա արդեն տեղի ունեցավ 2023 թվականին։ Սակայն մայիսի 14-ին խորհրդարանն օրենքն ընդունեց երրորդ և վերջնական ընթերցմամբ։
Վրաստանի իշխանությունը կարծում է, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը կարևորագույն նախապայման է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրամիության հիմնական հանձնարարականն է:
Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ը, Իսրայելը և Ավստրալիան, իսկ ԵՄ-ում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միևնույն ժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Ամեն տարի նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։
Իշխանությունը 2023 թվականի մարտին զանգվածային բողոքների ֆոնին հետ կանչված օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել է այն բանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։