ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Երևանի Նոր Նորքի 3–րդ զանգվածում մի քանի օր առաջ փողոցների ջրալցման պատճառը շինանյութի և կենցաղային աղբի կուտակումներն են եղել, որոնք դուրս են եկել մակերես և փակել դիտահորերը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը։
Նա հերքեց, որ փողոցները հեղեղվել են աղտոտված դիտահորերի պատճառով`նշելով, որ դիտահորերի վերին շերտերն աղբից մաքրելուց հետո ջրի հոսքը դադարել է։
Մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը մաքրել է 161 կոյուղատար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավանյանը նիստի ընթացքում կարգադրեց ուսումնասիրել Նոր Նորք վարչական շրջանի բոլոր շինհրապարակները:
Հիշեցնենք` ապրիլ-մայիս ամիսներին տեղացած հորդ անձրևները Երևանում հեղեղումների պատճառ են դարձել։
Ապրիլի 4-ին անձրևաջրերը լցվել էին Մաշտոցի պողոտայի փակ շուկայի դիմացի գետնանցումը։ Մայիսի 4-ին անձրևաջրերի պատճառով անանցանելի էր դարձել Խանջյան–Գնունի ստորգետնյա ավտոանցումը։
Մայիսի 4-ի գիշերը տեղացած անձրևի պատճառով Կենտրոնում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավթաշենում և Նոր Նորքում փլուզումներ էին եղել, արգելափակվել էին մի շարք ավտոմեքենաներ։
Մայիսի 16-ին հեղեղվել էր Նոր Նորքի Գյուրջյան փողոցը, մեքենաները, այդ թվում` հանրային տրանսպորտը, մնացել էին ջրի մեջ։