Ստարտափների գավաթն ու ՏՏ հսկաները. Երևանը կրկին կհյուրընկալի Համաշխարհային կոնգրեսը

Ալեքսանդր Եսայանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Կարապետյանը
Միջոցառմանը կմասնակցեն մի քանի տասնյակ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT), որը 2024 թվականին կրկին տեղի կունենա Երևանում, կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ընկերությունների ներկայացուցիչներ: Տեղեկությունը հայտնել է Կոնգրեսի կազմկոմիտեի (հայկական կողմից) նախագահ Հայկ Կարապետյանը։
Հայկ Կարապետյան
Այն տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նրա խոսքով՝ դժվար է ճշգրիտ հաշվարկել նախորդ Կոնգրեսի ազդեցությունը Երևանում (2019 թվականին), առավել ևս, որ նման միջոցառումները միանգամից արդյունք չեն տալիս։ Բայց ակնհայտ է, որ այն թույլ է տվել բազմաթիվ միջազգային ընկերությունների ավելի լավ գնահատել հայկական ՏՏ ոլորտը և գործնական կապեր հաստատել։
Երևանում ամենամյա DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն այս տարի կանցկացվի Կոնգրեսին զուգահեռ: Հայկ Կարապետյանը նշել է, որ հայկական ընկերությունների համար սա լավ հնարավորություն կլինի ծանոթանալու պոտենցիալ գործընկերների, այդ թվում՝ միջազգային խոշոր ընկերությունների հետ։
Ալեքսանդր Եսայան
«Կոնկրետ անուններ դեռ չենք նշի, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց կոնգրեսի անցկացման ժամկետների մոտենալուն պես լավ նորություններ կհայտնենք», - ասել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Հայաստանը դառնում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՏՏ-ինդուստրիայի կենտրոններից մեկը, նշել է նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ դոկտոր Շան Սիան, որը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ համաժողովը 2019 թվականին կազմակերպվել է բարձր մակարդակով։
Բացի թվային տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության) արդիական միտումների մասին քննարկումներից, ֆորումի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև ստարտափների մրցույթ (World Startup Cup):
«Հրավիրում եմ հայկական ստարտափներին հայտ ներկայացնել այս մրցույթին։ Այստեղ հնարավորություն կա ոչ միայն մրցանակային տեղեր գրավել, այլև հայտնվել արտասահմանյան խոշոր գործընկերների տեսադաշտում, ինչը, հավանաբար, ավելի կարևոր է», - նշել է Եսայանը։
Մխիթար Հայրապետյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ օրակարգում կլինեն նաև քննարկումներ այն մասին, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներ մոտենում արհեստական բանականության հետ կապված հարցերի իրավական կարգավորմանը:
Ինչպես 2019-ին, այնպես էլ այս տարի կառավարությունը կվճարի համաժողովին մասնակցելու համար UATE -ի վճարը (750 հազար դոլար): Բացի այդ, տեղական ընկերություններին կառաջարկվեն զգալիորեն ավելի ցածր վճարներ ֆորումին մասնակցելու համար:
Նշենք, որ ֆորումի լոգոյի նախատիպը հայկական խորհրդային «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հին շապիկներից մեկն էր (դեպի արև և հեռավոր աստղեր շտապող 60-70-ականների մարդը՝ նոր տեսքով):