ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները և ժողովրդագրական ռազմավարությունը քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես, թե ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումների ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով ՀՀ քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել»,– ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա չի նշանակում, թե պետք է վերանայել ռազմավարությունը, անհրաժեշտ է այն ուղղակի դիտել այդ լույսի ներքո։
«Եթե ՀՀ մեր ընկալումն այն է, որ, այնուամենայնիվ, հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ, ինչպես ընդունված է ասել, պատմական Հայաստանին, դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը՝ դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Փաշինյանը:
Քննարկման ընթացքում նաև ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:
Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը և կնախանշվեն հետագա քայլերը: