Քաջարանցի երիտասարդը արտադրամասից գողացել է 400 կգ պղնձե փաթույթ և վաճառել 1,1 մլն դրամով

Կալանք. Արխիվային լուսանկար
Քաջարանցի տղամարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Քաջարանցի երիտասարդը ընկերությունից գողացել է ավելի քան 400 կգ պղնձե փաթույթ և վաճառել 1 միլիոն 100 հազար դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով:
«Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից գողությունը կատարել էր Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա իր «Ֆորդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել էր Շինուհայր և վաճառել նույն գյուղի մի բնակչի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քաջարանցի երիտասարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին: Նա ձերբակալվել է: Հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին է ներկայացվել նաև Շինուհայրի բնակիչը: Նա հայտնել է, որ մայիսի 18-ին քաջարանցի երիտասարդից գնել է 400 կգ պղնձե փաթույթ՝ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: