ՀՀ ֆինանսների նախարարը և ԿԶԵՀ տնօրենը Հյուսիս-հարավ միջանցքին վերաբերող հարցեր են քննարկել

Դրոշներ
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին:
Կողմերն ընդգծել են ԿԶԵՀ 2022-2026 թվականների ռազմավարության և անդամ երկրների ռազմավարությունների իրականացման միջնաժամկետ գնահատման կարևորությունը ու պայմանավորվել վերջինիս մանրամասն քննարկումը նախատեսել մինչև մայիսի վերջ:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը։
ՀՀ-ում հիմնադրամի պորտֆելը ներառում է մի շարք ծրագրեր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով: