Հայկ Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ. նա հայտարարություն է տարածել

Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետը նշել է, որ գաղափարական խոր անհամաձայնություն ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանը պատրաստ է հարմար առիթի դեպքում հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը Հայկ Մարությանին առաջարկել է հանդիպել ու խոսել «սև ու սպիտակի» մասին, որի ձևակերպումը 2018 թ. տվել էր հենց Մարությանը։
«Շնորհակալ եմ հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդի և սիրված հոգևորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու և, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի և ճշմարտության» (ինչպես սրբազանն է ասում) կամ «սև ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին»,– գրել է Մարությանը։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա «Նոր ուժ» կուսակցության նախագահը նշել է, որ գաղափարական խոր անհամաձայնություն ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, սակայն դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։
Նա ընդգծել է` փաստ է, որ մայիսի 9–ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018 թ. շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 18-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ անցկացրեց տարբեր քաղաքական ուժերի հետ, այնուհետև մշակույթի գործիչների և զինվորականների հետ։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ հանդիպումների ընթացքում բազում որոշումներ են կայացվել և կարևոր առաջարկներ հնչել։