Ցնցված եմ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի ողբերգական դեպքի առթիվ

Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին, երբ Էբրահիմ Ռայիսին և նրան ուղեկցողները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
Հայտնել ենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ուղղաթիռում եղել են նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Թավրիզի իմամ Մոհամմադ ալի ալ Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը): Բոլորը զոհվել են։
«Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ»,–ասվում է ցավակցական ուղերձում։
Փաշինյանը զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ մաղթելով ուժ և տոկոնություն։
«Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»,–ընդգծել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին, երբ Էբրահիմ Ռայիսին և նրան ուղեկցողները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից (մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը):
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն Իրանի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։