ԱՄՆ-ն Ռայիսիի ուղղաթիռի կործանման մեջ օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Կապանում Իրանի հյուպատոսարանում
Ռայիսիի մահը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական փոփոխությունների չի հանգեցնի, կարծում են Վաշինգտոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Սպիտակ տան վարչակազմում հայտարարել են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ օտարերկրյա միջամտության նշաններ չեն հայտնաբերել:
NBC Newsհեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմից մի բարձրաստիճան պաշտոնյա ընդգծել է, որ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան:
«Բացարձակապես ոչ մի օտարերկրյա միջամտություն»,- փոխանցում է հեռուստաալիքը պաշտոնյայի խոսքը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռայիսիի մահը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական փոփոխությունների չի հանգեցնի:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։